Հաշմանդամության խումբ տրամադրելու գործընթացից բխող մի շարք խնդիրներ է մատնանշում «Ունիսոն» հ/կ նախագահ Արմեն Ալավերդյանը, որի հետ զրույցում Armenia Today-ի խնդրանքով նա անդրադարձել է այդ հարցերին՝ խոսելով նաև նախորդ շաբաթ կառավարության նիստի ժամանակ տեղի ունեցած քննարկմանը, որտեղ ընդգծվեց նաև վիրավորված զինծառայողներին վերականգնողական պարագաների տրամադրման գործընթացն ավելի արագ կազմակերպելու անհրաժեշտության մասին։
«Խոսքը վիրավոր զինծառայողների մասին էր, որ նրանք երեք ամիս չսպասեն, որ մինչև հաշմանդամության խումբ ստանալը որևէ աջակցող սարք կարողանան ստանալ։ Ես ևս մեծ ոգևորությամբ տարածեցի այդ լուրը, ըստ որի՝ պարզեցված կարգով մեր զինվորները կարող են օժանդակ սարքեր ստանալ։ Բայց, ցավոք, այդ լուրից հետո ահազանգ ստացա, որ դա այդքան էլ այդպես չէ։ Ի դեպ, դա իմ առաջարկն էր, որը հնչեցնում էի և՛ պատերազմի ժամանակ, և՛ պատերազմից հետո։ Ես անընդհատ ասում էի, որ մարդը չպետք է սպասի, չպետք է բյուրոկրատական քաշքշուկների մեջ ընկնի, իսկ զինվորը մեզ պաշտպանել է, իր կյանքն է վտանգել հանուն մեզ, և մենք պարտավոր ենք գոնե իր կարիքները հոգալ։ Նրան ոչ թե մի քանի ամիս հետո, այլ անհապաղ պետք է տրամադրել անհրաժեշտ միջոցը»,-ասաց մեր զրուցակիցը։
Խոսելով իր ստացած ահազանգի մասին՝ նա մանրամասնեց․ «Ինձ դիմեցին վիրավորում ստացած զինծառայողի հարազատները։ Հարցրին՝ ինչպե ՞ս, ի ՞նչ ընթացակարգով շարժվել։ Զինվորն առայժմ հաշմանդամության կարգ չունի, բայց նրա վիրավորումն այնպիսին է, որ կասկած չկա՝ վերջիվերջո ստանալու է։ Հարազատներին խորհուրդ տվեցի թեժ գծին զանգահարել, իսկ այնտեղից խորհուրդ էին տվել զանգել բժշկասոցիալական փորձագիտական հանձնաժողով (ԲՍՓ): Այնտեղից էլ ասել էին՝ «Ո՞վ է ասել, որ հնարավոր է քայլակ ստանալ մինչև հաշմանդամության խումբ ունենալը։ Ասել էին՝ դա հնարավոր է միայն կարգ ունենալու դեպքում։ Գործընկերության սկզբունքով ես այդ մասին տեղեկացրել էի համապատասխան մարմնին։ Այնուամենայնիվ, մի քանի օր սպասելուց և որևէ գործողություն չտեսնելուց հետո ուղղակի մարդկանց «Փյունիկ» հասարակական կազմակերություն ուղորդեցի, որն ունի զինվորների համար անհրաժեշտ միջոցները։ Բայց մեկը մյուսին չի լրացնում․ խոսքը պետության պարտավորության մասին է։ Պետությունը, ի տարբերություն հ/կ-ի, պարտավոր է դա անել։ Մեծ հաշվով, էլի «ֆուտբոլ» է, թեժ գծից ուղարկում են ԲՍՓ, ԲՍՓ-ն ասում է՝ մինչև կարգ չլինի, չենք կարող տրամադրել և նման բաներ»։
Անդրադառնալով ոլորտի խնդիրներին՝ նա ընդգծեց․
«Ընդհանուր առմամբ, տարիներ շարունակ խոսվել է Հայաստանում ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխան համակարգ ներդնելու անհրաժեշտության մասին։ Հայաստանում հաշմանդամության սահմանումը պետք է հիմնված լինի ֆունկցիաների միջազգային դասակարգման վրա։ Բայց այս գործընթացը անհասկանալի պատճառներով տարիներ շարունակ արհեստականորեն ձգձվում է․ հիմա մենք քիչ թե շատ սովետականին մոտ մոդել ունենք, որն առայժմ գործում է և որը բավականին թերություններ ունի։ Այդ գործընթացը կարող է երկար տևել, ոչ արդար որոշումները ևս չեն բացառվում, իսկ վերադաս մարմնում բողոքարկումը, որպես կանոն, արդյունավետ չի լինում։ Բացի այդ, բողոքարկման գործընթացը երկար է տևում, և մարդկանց մեծամասնությունը շատ դեպքերում այդ քաշքշուկի մեջ մտնելու ցանկություն չի ունենում»։
Անդրադառնալով վերոնշյալ եռամսյա ժամկետին՝ նա նշեց․ «Դա լրիվ սովետական մտածելակերպի դրսևորում է։ Ստացվում է՝ երեք ամիս պետք է անցնի, պարզվի, որ մարդը չի բուժվում և նոր միայն նրան կարելի է հաշմանդամության կարգ տալ։ Սա շատ հետադիմական մոտեցում է և չի համապատասխանաում ժամանակակից իրողություններին»։
Արմեն Ալավերդյանի խոսքով, առհասարակ, որոշ դեպքերում հաշմանդամության խումբը տրվում է ցմահ, բայց այդպիսի դեպքերը բավականին քիչ են․ «Հիմնականում վերափորձաքննությունը մեկ կամ երկու տարին մեկ պարտադիր իրականացվում է»։
Իսկ թե ինչ լուծումներ է տեսնում՝ հ/կ նախագահն ընդգծեց․ «Պետությունը պետք է պրոակտիվ լինի։ Պետությունը պետք է հոգ տանի իր քաղաքացիների և, հատկապես, պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռքբերած զինծառայողների մասին։ Քաղաքացին չպետք է դռնեդուռ ընկնի, ամեն տեղ զանգահարի, գրի, հարցումներ անի, պետությունն ինքը պետք է քայլեր ձեռնարկի։ Հաշմանդամության կարգ նշանակելու գործընթացը մաքսիմալ պարզ, հասկանալի ու թափանցիկ պետք է լինի։ Բացի այդ, մարդիկ որոշ դեպքերում իրազեկված չեն՝ իրենց առաջին, երկրորդ, թե երրորդ խումբ է հասնում։ Այդ փաստաթղթերը հաճախ այնքան «խուճուճ» ձևով են գրված, որ անգամ չես էլ կարող մարդուն նորմալ ուղղորդել։ Այդ գործընթացը պետք է բավականին պարզեցվի։ Պետությունն ակտիվ քայլերով պետք է մարդու կողքին լինի և ոչ թե հակառակ պատկերը տեսնենք, երբ մարդը ստիպված է աղաչելով, խնդրելով, պայքարելով կամ կոռուպցիոն դրսևորումներով ինչ-որ բանի հասնել»։