Ռուսական կողմի միջնորդությամբ, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ-ի ջանքերի արդյունքում, հայրենիք են վերադառնում 5 գերիներ։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Այսօր նաև գերության մեջ գտնվող մեր 62 զինծառայողներ հեռախոսակապով զրուցել են իրենց հարազատների հետ»,-գրել է Տիգրան Ավինյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուս խաղաղապահ առաքելության միջնորդությամբ հայրենիք էր վերադարձվել է 44 ռազմագերի։ Մինչ 44 գերիների վերադարձը մի քանի փուլով հայրենիք է վերադարձել գերիների մի քանի փոքր խումբ։ Ընդհանուր առմամբ, մինչ այս 57 գերի է վերադարձել ՀՀ։
Նշենք, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների թվի և նրանց հնարավոր վերադարձի ժամկետների մասին հստակ տեղեկություններ չկան։ Գերիների վերադարձի հարցն ամրագրված է նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության մեջ։ Ավելի վաղ հայտարարվեց գերիների փոխանակման՝ «բոլորը բոլորի դիմաց» քաղաքական պայմանավորվածության մասին, սակայն մինչ օրս դեռ անորոշ է Ադրբեջանում գտնվող հայ գերիների ճակատագիրը։