ՌԴ կառավարությունն առաջարկել է պարտավորեցնել բոլոր միգրանտներին, որոնք Ռուսաստան են ժամանում ավելի քան երեք ամսով անայցագիր մուտքի հնարավորություն ունեցող երկրներից, կենսաչափական տվյալներ ներկայացնել և բուժզննում անցնել: Համապատասխան օրինագիծը Պետդումայի քննարկմանը ներկայացվել է փետրվարի 1-ին: Խոսքը նախեւառաջ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) քաղաքացիների մասին է, որոնք Ռուսաստան են ժամանում աշխատելու: Այս մասին, РБК-ի հաղորդմամբ, ասված Է փաստաթղթում:
Բացատրական գրության մեջ ասվում է, որ անհրաժեշտ է մշակել «օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր բնակության պատշաճ վերահսկողության ապահովման» մեխանիզմ:
Ինչպես գրում են օրինագծի հեղինակները, անայցագիր ռեժիմով Ռուսաստան ժամանող միգրանտների առողջության նկատմամբ հատվածական վերահսկողության պատճառով մեծանում է երկրի տարածքում վտանգավոր վարակիչ հիվանդությունների ներթափանցման եւ տարածման վտանգը: Իսկ կենսաչափական տվյալների բացակայությունը դժվարացնում է հանցագործների, ահաբեկիչների և այն անձանց հետախուզումը, որոնց գտնվելը Ռուսաստանում անցանկալի է։