Որպեսզի հերթում երկար չսպասեք ու խնայեք ժամանակը, Երևանի քաղաքապետարան դիմումներ ուղարկել ու արդեն նաև պատասխաններն ամբողջությամբ ստանալ հնարավոր է առցանց: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետաանից: Դրա համար պետք է մի քանի քայլ կատարել. մուտք գործել yerevan.am կայք, անցնել «Մեկ պատուհան» կամ «Էլեկտրոնային ծառայություններ» բաժինները, ընտրել դիմումի տեսակը, ներբեռնել ձևը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ու ուղարկել նամակը։
«Այսուհետ քաղաքացիներն իրենց էլեկտրոնային նամակների վերաբերյալ կստանան 3 ծանուցում, առաջինը` դիմումը ներկայացնելու պահին, 2-րդը՝ վարույթ ընդունելու վերաբերյալ և 3-րդը՝ դիմումի ավարտի մասին: Մինչ այդ նաև դիմումի ավարտի մասին կստանան sms հաղորդագրություն»,- նշում է «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սարգիս Մանուկյանը:
«Քաղաքապետարանը խրախուսում է, որ բնակչությունը դիմի էլեկտրոնային եղանակով, և աստիճանաբար այն կավելացնենք»,- ընդգծում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի Ժ/պ Դավիթ Համբարյանը:
Քաղաքացիների համար էլեկտրոնային ծառայությունների ծավալն ավելացնելուն և դրանցից օգտվելն առավել հարմարվետ դարձնելուն զուգահեռ՝ քաղաքապետարանը նաև ներքին գրագրությունն ու թղթաբանությունն է նվազեցրել:
«Քաղաքապետի կողմից կա մոտեցում՝ ներքին փաստաթղթաշրջանառությունը հնարավորինս թվայնացնելու»,-ասում է Դավիթ Համբարյանը:
Եթե 2018թ. Երևանի քաղաքապետարանն ստացել էր ընդամենը 2600 էլեկտրոնային դիմում, ապա 2019-ին այդ թիվը կազմել է 4100, իսկ 2020-ին արդեն՝ 13600, ինչն ընդհանուր նամակների թվի մոտ 5-6 տոկոսն է:
«Աճի տեմպերը վկայում են, որ կա միտում՝ տեղափոխվելու թվային դաշտ, որն ավելի հեշտացնում և արագացնում է պատասխանների տրամադրումը»,-նկատում է Դավիթ Համբարյանը:
Քաղաքային իշխանությունը մտադիր է հետագայում թվայնացնել բոլոր ծառայությունները: Նպատակը մեկն է, անելիքները՝ շատ: Մինչ այդ այս տարի բնակիչներին հասանելի կդառնա ևս մի քանի նոր ծառայություն:
«Այս տարի մենք նախատեսում ենք ամբողջությամբ վերափոխել www.yerevan.am կայքը՝ թե՛ դիզայնի, թե՛ ներքին աշխատանքի առումով: Բացի այդ, կհայտնվեն բազմաթիվ էլեկտրոնային ծառայություններ, որոնց համար նախկինում քաղաքացիները ստիպված էին դիմել վարչական շրջանների աշխատակազմեր կամ քաղաքապետարանի «Մեկ պատուհան» գրասենյակներ, ինչպես, օրինակ, ալկոհոլի կամ հանրային սննդի լիցենզիայի համար»,- ասում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը:
Էլեկտրոնային ծառայությունները թեև 2020-ին առավել արդիական դարձան համավարակով պայմանավորված սահմանափակումներով, բայց շատերը դեռևս նախընտրում են հենց այդ տարբերակը՝ խուսափելով հերթերից ու ժամանակն ավելորդ վատնելուց: