ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ստեղծել միասնական սոցիալական ծառայության մարմին՝ գործող 4 կառույցների հիմքի վրա:
«Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 99 կողմ, 8 դեմ, 1 ձեռնպահ ձայներ:
Նախագծի նպատակը սոցիալական պաշտպանության բնագավառում կառավարության որդեգրած քաղաքականության իրականացման արդյունավետ մեխանիզմների ներդրումն է:
Հիշեցնենք, որ Կառավարությունը հունվարի 27-ի նիստում հաստատեց «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին որոշում։ Նախագծով առաջարկվող նման կառուցվածքային փոփոխությունը թույլ կտա ապահովել ընտանիքների և քաղաքացիների սոցիալական կարիքի համալիր և միասնական գնահատման արդյունավետ համակարգի ներդրումը։
«Մենք առաջարկում ենք, որ պետական ամենամեծ ենթակառուցվածքը՝ «Հայփոստը», որն ունի 850 բաժանմունք ՀՀ տարածքում, կարողանանք օգտագործել այս նպատակով»,- ասաց ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը, ինչին ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Փաշինյանն առաջարկեց մեկ միասնական նախագծով հանդես գալ։
Այդ փոփոխությունը մեծապես կնպաստի նորաստեղծ Միասնական սոցիալական ծառայության աշխատանքների բարելավմանը, անխափան աշխատանքին և դրանց կառուցվածքային մոդելի արդյունավետության բարձրացմանը, լիարժեք կայացմանը։