Զինվորների ապահովագրության հիմնադրամը փետրվարի 10-ի դրությամբ հատուցել է 1527 ընտանիքների, որոնցից 1111-ը` վերջին պատերազմի արդյունքներով։
Հիմնադրամի «Կամուրջ» ֆինանսավորման ծրագրով ժամանակավոր հատուցումներ է ստանում արդեն իսկ 553 ընտանիք։ Հատուցումների ցուցակը փոփոխվում է ամեն շաբաթ նոր շահառուների անվանացանկով։ Այս մասին
ասված է Հիմնադրամի տարածած հայտարարության մեջ։
«2020 թվականի սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմը հայ ազգի համար ողբերգական էր։ Այնուամենայնիվ, վստահ ենք, որ քայլելու ենք առաջ՝ հաղթահարելով բոլոր դժվարություններն ու մարտահրավերները։
Այսօր հայ ազգի կարևորագույն մարտահրավերներից մեկը զոհված, հաշմանդամություն ձեռք բերած կամ անհայտ կորած զինծառայողների ընտանիքների ֆինանսական կայունության ապահովումն է: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է հենց այդ մարտահրավերին ընդառաջ: Դա է մեր առաքելությունը»,- գրված է հայտարարության մեջ: