Անհետ կորած զինծառայողների հարազատները հավաքվել են Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ։ Նրանք իրենց բողոքն են արտահայտում ՀՀ իշխանությունների «անգործության» կապակցությամբ և նամակ են բերել դեսպան Սերգեյ Կոպիրկինի անունով։
Նրանք հրաժարվում են նամակը փոստարկղ գցել, պահանջում են, որ դեսպանատնից որևէ մեկը դուրս գա ու անձամբ դեսպանին փոխանցի այն։
«Այստեղ 40 անհետ կորածի անուն է, իսկ այստեղի փոստարկղն իրականում աղբարկղ է, թող գան ու անձամբ ընդունեն նամակը»,- ասաց անհետ կորածներից մեկի մայրը։
Սակայն դեսպանատնից հրաժարվեցին ընդունել նամակը, ինչին ծնողները պատասխանեցին, որ կդիմեն նրանց, ովքեր ուզում են իշխանության գալ, որոշում է կայացվում դիմել Ռոբերտ Քոչարյանին։
Ավելի ուշ ծնողները ծրարից հանեցին տղաների անուններով նամակն, իսկ ծրարը պատռեցին ու նետեցին դեսպանատան փոստարկղը։
«Գնում եմ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ, դիմելու եմ Քոչարյանին, թող ինձ միանան նրանք, ովքեր ուզում են»,- ասաց անհետ կորածի մայր Անահիտը։
Հիշեցնենք, որ երեկ հայրենիք է վերադարձել գերեվարված 5 զինծառայող, որոնց դիմաց հայկական կողմն Ադրբեջանին է վերադարձրել մեկ գերի։