Շիրակի մարզում գերիների հետ կապված դժգոհության ալիք կա։ Փակվել է միջպետական ճանապարհ։ Գերեվարված զինծառայողների ծնողները ցանկություն ունեն հանդիպելու վարչապետի հետ։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարց հնչեցրեց ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։
«Դժգոհություն կա ո՛չ միայն Շիրակի մարզում, դժգոհություն կա նաև Կառավարությունում։ Բոլորս ենք դժգոհ, այս իրավիճակից որևէ մեկը գոհ չէ։
Մենք պլանավորում ենք այց Շիրակի մարզ, որտեղ տարբեր հանդիպումներ կունենանք քաղաքացիների հետ, այդ թվում, հուսով եմ, այն ժամանակ ավելի պակասած գերիների հարազատների հետ։ Գերիների խնդրի մասին ինձ հիշեցնելու անհրաժեշտություն չկա, քանի որ մենք ոչ մի վայրկյան գերիների մասին չենք մոռանում։
Որևէ ակցիա անելու անհրաժեշտություն չկա։ Այդ ակցիաները մեր գլխում են, մեր մտքում են և մեր սրտում։ Սա այն հարցն է, երբ մենք առաջնորդվում ենք բժշկական սկզբունքով՝ չվնասել»,- ասաց վարչապետը։
Վարչապետը նաև ասաց, որ Ռուսաստանի գործընկերներն ակտիվ ներգրավված են գործընթացի մեջ։ Դա պայմանավորված է նրանով, որ ՌԴ նախագահը նույնպես ստորագրել է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որը ենթադրում է գերիների վերադարձը։ Աշխատանքները ոչ մի րոպե չեն դադարում, բայց որքան քիչ հրապարակային լինի այս գործընթացն՝ այնքան լավ։