Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է.
«Հարգելի՛ քաղաքացիներ, համացանցում լուրեր են շրջանառվում, իբր Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես, Երևանում, ուժեղ երկրաշարժ է սպասվում:
ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հերքում է այդ տեղեկատվությունը և հորդորում բացառապես հետևել ԱԻՆ պաշտոնական հաղորդագրություններին»,-ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ երեկ Հայաստանում 4.7 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել էր Երևանում` 5-6 բալ ուժգնությամբ, Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերում՝ 4-5 բալ, իսկ Արագածոտնի, Շիրակի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում՝ 3-4 բալ ուժգնությամբ։ Այսօր ևս Հայաստանում երկրաշարժ էր գրանցվել: