Այսօրվա դրությամբ մոտ 3 տասնյակ ապամոնտաժված տաղավարներ, ցանկապատներ և ապօրինի կցակառույցներ ու սպասարկման օբյեկտներ կան, որոնք կատարվել են վերջին մի քանի ամիսների ընթացքում՝ իմ հայտարարությունների և քաղաքական կամքի իրացմամբ: Այս մասին Lragir.am-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։
«Այո, հեշտ չի տրվում, քանդումն ինքն արդեն իսկ բավականին կամք ու էներգիա է պահանջում նաև քաղաքական, հասարակական դիմադրության առումով, բայց տեխնիկապես էլ մեծագույն ջանք է ենթադրում, քանի որ սկսած տեխնիկայի ներգրավումից, վերջացրած շինաղբի տեղափոխման ծախսերով, բանվորական ուժի ներգրավման առումով բավականին լայնածավալ աշխատանք է ենթադրում:
Բայց, ինչպես ասել եմ, հազար մղոն ճանապարհն սկսվում է առաջին քայլից: Հիմա առաջին 10 քայլը, կարելի է ասել, արել ենք»,- նշել է նախարարը՝ խոսելով Սևանի ափամերձ տարածքից ապօրինի շինարարության ապամոնտաժման աշխատանքների մասին:
Մեկնաբանելով այդպիսի շինություններից մեկի՝ Վլադիմիր Գասպարյանին պատկանելու մասին լուրերը՝ Պետրոսյանն ասել է, որ անվանական չգիտի, թե որ մեկինը որ նիշի վրա է, բայց կարող է ասել, որ 1901,5 մետր նիշից ներքև բոլոր շենք-շինությունները, պարիսպները ենթակա են քանդման: Այդ նիշը օրենքով է սահմանվել դեռևս 1,5 տասնամյակ առաջ, որ այդ նիշի վրա շինարարություն որևէ կերպ չպետք է թույլատրվեր:
«Հիմա մենք սկսել ենք արդեն ակնհայտ այն շենք-շինություններն ու տաղավարներն ապամոնտաժել, որոնք իրավական առումով որևէ աղերս չունեն իրենց լինելիությամբ: Ոչ հողն է տվյալ տնտեսվարողին պատկանում, ոչ կառուցապատման իրավունք ունի, ոչ առհասարակ որևէ իրավունք ունի այդտեղ որևէ բան տնօրինելու, բայց արի ու տես, որ տնօրինում ու գործում է»,-ասել է Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ այս պահին Սևանա լիճը նույնիսկ սեփական տեխնիկական միջոց չունի քանդման աշխատանքների համար: Բայց Պետրոսյանը կառավարության որոշման նախագիծ է պատրաստում։ Պետական բյուջեով նախատեսված միջոցներ կան, որոնք վերջին տարիներին կապալառուի միջոցով ուղղվում են Սևանա լճի ջրածածկ գոտիների մաքրմանը, և պատրաստվում է առաջարկել կառավարությանը, որ այդ գումարներն ուղղեն Սևանի կառավարումն իրականացնող «Սևան ազգային պարկին»՝ ընդլայնելու սեփական կարողությունները, ձեռք բերելու տեխնիկա:
«Այդ տեխնիկայով միաժամանակ և՛ քանդման աշխատանքները կկազմակերպենք, և՛ ջրածածկ գոտիները կմաքրենք», ասել է Պետրոսյանը: