Քիչ առաջ միայն տեղեկացա Ազատություն ռադիոկայանի նկարահանող խմբի հետ կապված միջադեպի մասին։ Դա անթույլատրելի է, եւ միջոցներ ձեռք կառնվեն: Նման բան չպետք է թույլ տանք։ Այս մասին գրել է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը:
«Քաղաքացիները պարտավոր են, հակառակ իրենց նախասիրությունների, հարգանքով վերաբերվել բոլոր լրագրողների աշխատանքի նկատմամբ։ Կրկնում եմ՝ հակառակ բոլոր նախասիրությունների։ Լրագրողին որեւէ մեկն իրավունք չունի խոչընդոտել ծավալելու իր գործունեությունը։
Նաեւ՝ չպետք է կրկնվեն 2018-ի խայտառակ օրերը, երբ շատ լրատվամիջոցներ նկարահանում կատարում էին առանց միկրոֆոնի տարբերանշանի, որ ամբոխի ինքնադատաստանի բաժին չդառնային։ Անթույլատրելի է խոչընդոտել լրագրողի աշխատանքը։ Ափսոս տեղում չեք ասել դրա մասին, եւ նոր միայն տեղեկացանք, որ միջոցներ ձեռնարկվեին»։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Ազատություն ռադիոկայանի լրագրողի և օպերատորի նկատմամբ բռնություն են գործադրել մի քանի ցուցարարներ: Դեպքը մասնակի է նկարահանվել, սակայն լրագրողը պատմել է իր հետ կատարվածի մասին ուղիղ եթերում: