ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հաստատեց «Զենքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը:
Հիմնական զեկուցող, ՊԵԿ նախագահի տեղակալ Արշակ Գասպարյանի ներկայացմամբ՝ նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ պետական եկամուտների կոմիտեին մարտական զենքի տրամադրման անհրաժեշտությամբ, որը կօգտագործվի օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար:
«Օպերատիվ-հետախուզական գործունեության նպատակներն են՝ մաքսանենգության, ինչպես նաև Հայաստանի մաքսային սահմանով տրանսպորտային միջոցների ապօրինի տեղափոխման խափանումն ու բացահայտումը»,- նշեց նա։
ՊԵԿ փոխնախագահի խոսքով՝ օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու իրավունք ունեն հարկային մարմինները և մաքսային մարմինները՝ մաքսանենգության և այլ հանցագործությունների խափանման ու բացահայտման նպատակով:
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն արդեն իսկ դրական եզրակացություն է տվել ««Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին: