«Հայդուկ» ջոկատը հայտարարություն է տարածել ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականի պահանջին միանալու վերաբերյալ:
Հայտարարության մեջ ասված է. «Երջանկահիշատակ հերոս հրամանատար Ջերմուկի Համոյի՝ Մուշեղ Բաբայանի հիմնադրած «Հայդուկ» ջոկատը շարունակում է հավատարիմ մնալ հայրենիքի պաշտպանի սրբազան առաքելությանը և լծակցում է ՀՀ պաշտպանության նախարարության գործունեությանը: 2016-ի Ապրիլյան պատերազմի և 2020-ի 44-օրյա պատերազմի մասնակից «Հայդուկ» ջոկատն այսօր հիմնադիր հրամանատարի որդու` Կարեն Բաբայանի գլխավորությամբ իր անվերապահ աջակցությունն է հայտնում ՀՀ ԳՇ պետին, բոլոր բանակային կորպուսների հրամանատարներին ու ԶՈւ վարչության պետերին և միանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության հրաժարականի պահանջին:
Որտեղ որ հող պահող ժողովուրդն ու բանակն է` այդտեղ ենք նաև մենք: Անընդունելի ենք համարում, իրենց արյուն քրտինքով ու անձնվեր բազմամյա աշխատանքով շարքային զինվորից և ազատամարտիկից մինչև բարձրագույն սպայակազմի պաշտոնների հասած անձանց պաշտոնանկությունը, քանզի նրանք են բանակի հիմնասյուները: Հատկապես այս օրհասական օրերին, նման պահանջները համարում ենք ոչ այլինչ, քան հայրենիքի դավաճանություն:
Սա մենք չենք դիտարկում, որպես քաղաքական հարթության հարց, այլ համարում ենք Հայաստանի անվտանգությանը վերաբերվող առանցքային խնդիր, որտեղ անվերապահորեն պետք է սատարել միմիայն բանակին»: