Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հաշվետվություն է ներկայացրել 2021թ.-ի մարտի 9 դրությամբ հիմնադրամի շահառուների թվի վերաբերյալ։
««Կամուրջ» ծրագրով հատուցվել են 1133 շահառուներ, նրանցից 118-ը վիրավորում ստացած զինծառայողներ են, որոնց բժշկական հաստատությունը տրամադրել է եզրակացություն առ այն, որ բուժման ավարտից հետո 1-ին կամ 2-րդ հաշմանդամության կարգ ստանալու հավանականությունը մեծ է։ 1015-ը անհետ կորած զինծառայողների ընտանիքներ են: Ցանկին կարող եք ծանոթանալ մեր կայքում։
Հիմնադրամի հիմնական շահառուների թիվը նույնպես փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով զոհված ևս 121 զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել։ Այսպիսով՝ ընդհանուր հատուցումների թիվը 1862 է, որից 1450-ը` այս պատերազմի հետևանքով: Ցանկին կարող եք ծանոթանալ մեր կայքում։
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, հաշմանդամություն ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով»,- ասված է հայտարարության մեջ: