Շիրակի մարզի գերիների հարազատները առավոտյան ժամը 07։00-ից փակել են մարզ տանող բոլոր ճանապարհները: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց Հոռոմ համայնքի աշխատակազմի քարտուղար Արա Ղալմուխյանը։
Նրա խոսքով՝ փակ է ինչպես Երևան-Գյումրի մայրուղու Հոռոմի հատվածը, այնպես էլ Լուսակերտի, Լանջիկի, Ազատանի ու Աշոցքի ճանապարհները:
Հարազատները պահանջում են անել հնարավորն ու անհնարինը՝ գերիներին վերադարձնելու համար։ Նրանք նշում են, որ չեն հեռանալու մինչև իրենց որդիները Հայաստան չվերադարձվեն։
Նշենք, որ Շիրակի մարզի գերիների հարազատները պարբերաբար նույն պահանջով բողոքի ակցիաներ են կազմակերպում։
Հիշեցնենք նաև, որ երեկ գերիների հերթական խումբը պետք է վերադադառնար, սակայն, Բաքվից ժամանած ինքնաթիռը դատարկ է եղել։
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնեցին, որ գերիների հետ վերադարձը հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է։