Այսօր՝ ապրիլի 22-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում Ոստիկանության Էջմիածնի բաժին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասում՝ Օստրովսկու փողոցի տներից մեկի մոտ, ավտոմատով զինված քաղաքացին մի հոգու դանակահարել է ու սպառնում է, որ կվնասի նրա հարազատներին։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը՝ մանրամասնելով․
«Նշված վայր է ժամանել ոստիկանության Էջմիածնի բաժնի օպերատիվ խումբը։ Դեեպքի վայրից դանակահարված վիճակում «Վաղարշապատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 60-ամյա Տիտալ Սլոյանը։
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Էջմիածնի ոստիկանները տաք հետքերով պարզում են, որ Տ․ Սլոյանին դանակահարել է նրա ազգականը՝ 41-ամյա Ազիզ Սլոյանը։
Ոստիկանության Էջմիածնի բաժին օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Ֆիշյանի ու քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ամատունի Հակոբյանի գլխավորությամբ մեկնում են դեպքի վայր, որտեղ էլ նրանց ուղղությամբ ինքնաձիգից կրակոցներ են արձակվում։
Ոստիկանները պարզում են, որ կրակոցներ արձակողը Ա․ Սլոյանն է, ու սկսում են նրա հետ բանակցություններ վարել, որ ցած դնի զենքը և ինքնակամ հանձնվի, սակայն նա շարունակում է կրակել, ապա մի պահ դադար տալուց հետո մեկ անգամ էլ է կրակում։
Դրանից հետո ոստիկանները, չիմանալով՝ ինչ կլինի, վտանգելով իրենց կյանքը, մոտենում են կրակոցների ուղղությամբ, որտեղ էլ «ստորին ծնոտի հրազենային վիրավորումով» հայտնաբերում են Ա․ Սլոյանին։
Ոստիկանների ու «Վաղարշապատ» հիվանդանոցի բժիշկների օպերատիվ գործողությունների շնորհիվ Ա․ Սլոյանը տեղափոխվում է հիվանդանոց»։