ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր առավոտյան Հաղթանակի և խաղաղության տոնի ու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ ծաղկեպսակներ են դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին և Հաղթանակի զբոսայգում՝ Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ: Այս մասին հայտնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից:
Նշենք նաև, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձէ հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ, որում ասված է.
«Միայն ոգով արի ու ազատատենչ ժողովուրդներն են հաղթանակով խաղաղություն պարտադրում ռազմատենչ ու վայրագ ցեղերին: Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով տարիներ առաջ ասել եմ և այսօր էլ նույնքան համոզված եմ՝ մի բան պարզ էր 1992 թվականի մայիսի 9-ին և պարզ է այսօր. մենք մեր կյանքն ու ազատությունը, մեր իրավունքներն ու արժանապատվությունը չենք պատրաստվում զոհաբերել և չենք զոհաբերելու:
Հաղթանակը տրվում է արժանիներին, որոնք ամենալավը գիտեն խաղաղության գինը: Լինենք արժանի բոլոր ժամանակներում կենաց-մահու պայքարը օտարի լծի տակ ապրելուն գերադասած և այդ պայքարում հաղթանակներ կռած մեր հերոսների հիշատակին, նաև արժանին մատուցենք այսօր հայրենիքի պաշտպանության և ազգային արժեքների պահպանության դիրքերում ամուր կանգնած մերօրյա հերոսներին: Շնորհավորում եմ բոլորիս՝ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ»: