Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով 1160 մարդ ճանաչվել է հաշմանդամ։
Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը:
«Այսօրվա դրությամբ փորձաքննություն անցել է 1460 մարդ, որից 1160-ը ստացել է հաշմանդամություն: Առաջին խմբի հաշմանդամություն ստացել է 108 մարդ, երկրորդ խմբի՝ 341 հոգի, իսկ 780 մարդ ճանաչվել է երրորդ խմբի հաշմանդամ: Բնականաբար, կային մարդիկ, որոնք հաշմանդամություն չեն ստացել, քանի որ քննության կարգին համապատասխան՝ կյանքի և գործունեության վերաբերյալ որևէ սահմանափակում չկա: Այսինքն՝ մենք արձանագրել ենք, որ կա ֆիզիկական վնաս, բայց դրանք չեն ազդում կյանքի սահմանափակման վրա»,- ասաց նա:
Փոխնախարարի խոսքով՝ այս պահին հաշմանդամության որոշման գործընթացը գրեթե ավարտված է, առաջնահերթ կարգով իրականացվել է զինծառայողների փորձաքննություն:
«Չկան զինծառայողներ, ովքեր հերթ են կանգնել և այս պահին փորձաքննություն չեն անցել, եթե առողջական վիճակը թույլ է տալիս հետազոտություն անցնել»,- ասաց Տաթևիկ Ստեփանյանը:
Նա ասաց, որ պրոթեզավորման կարիք ունեն ստորին վերջույթների անդամահատությամբ 116, իսկ ձեռքի անդամահատությամբ 23 մարդ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ կառավարությունը հաստատել էր պրոթեզավորման կարիք ունեցող զինվորներին ժամանակակից պրոթեզներ տրամադրելու ծրագիր, ինչպես նաև զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամություն ստացած քաղաքացիների իրավունքներն ու սոցիալական ինտեգրումը պաշտպանելու ծրագիր: