Այսօր Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։
Հունական համայնքի ներկայացուցիչներն ու Հայաստանում Հունաստանի դեսպանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել Պոնտոսի հույների Ցեղասպանության զոհերի հիշատակին։
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն Armenia Today-ի հետ զրույցում շեշտեց, որ 20-րդ դարի սկիզբը ողբերգական էր հայ, հույն և ասորի ժողովրդների համար։ Նրա խոսքով՝ մայիսի 19-ին զոհ են դարծել 700 000 հույներ։
«Հայ և հույն ժողովուրդների ցեղասպանությունը մեկ շղթա է։ Թե՛ հայերը, թե՛ հույներն իրենց բնօրրանում են ոչնչացվել։ Մեր պարտքն է այցելությունների միջոցով ապացուցել՝ այլևս երբեք»,-նշեց նա։
«Պոնտի» Երևանի հունական համայնքի նախագահ Էդուարդ Միխայելովն էլ նկատեց, որ աշխարհն այսօր լուռ է, իսկ անարդարությունը շարունակվում է։
«Արդարություն ենք պահանջում։ Ցավոք, աշխարհն այսօր կուրացած է։ Բոլորը միայն կոչերով են հանդես գալիս և արդյունքում որևէ գործողություն չեն անում»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում․
Նշենք, որ 1994 թվականից ի վեր ամեն տարի մայիսի 19-ին աշխարհում նշում են Փոքր Ասիայի հույների ցեղասպանության հիշատակի օրը։
Այսօր ևս Հայաստանում Հունաստանի դեսպանության, տեղի հունական համայնքի և երկրի հասարակության ներկայացուցիչներն այցելեցին Ծիծեռնակաբերդ, որտեղ ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Միջոցառմանը ելույթներով հանդես եկան Հայաստանում Հունաստանի դեսպան Եվանգելոս Տուրնակիսը, Հայաստանի և Արցախի հույների «Պատրիդա» ասոցիացիայի ղեկավար Էդուարդ Պոլատովը և այլք:
Պոնտոսի հույների ցեղասպանությունն իրականացվել է Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի կառավարության կողմից և շարունակվել Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հետևորդների կողմից: 1915-1923 թթ. մարտին երիտթուրքերը իրագործեցին հույների կոտորածը: