ՀՀ կառավարությունը պարտավոր է ձեռնարկել գործուն քայլեր՝ երաշխավորելու համար ՀՀ ողջ բնակչության, ՀՀ քաղաքացների իրավունքները, իսկ միջազգային հանրությունը պետք է դադարեցնի կրավորական կեցվածքը և անհապաղ ձեռնարկի վճռական միջոցներ՝ կանխելու համար ադրբեջանական զինված ուժերի բացահայտ անօրինական, հանցավոր արարքներն ու մարդու իրավունքների շարունակվող խախտումները, նոր խախտումների իրական սպառնալիքները: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Վերին Շորժա գյուղական բնակավայրի տարածքում ադրբեջանական զինծառայողները, անօրինական գտնվելով ՀՀ ինքնիշխան տարածքում, ՀՀ զինված ուժերի ծառայողներին ներկայացրել են իրենց գտնվելու վայրը լքելու բացահայտ անօրինական պահանջներ, տվել սպառնալիքներ, իսկ այնուհետև հրահրել են քաշքշուկ և դիտավորությամբ` կրակահերթ արձակելով, սպանել են ՀՀ զինծառայողի:
Փաստերի համաձայն՝ այսօրվա միջադեպին նախորդող օրերին նույնպես ադրբեջանական զինվորականները, անօրինական գտնվելով ՀՀ ինքնիշխան տարածքում, պարբերաբար փորձել են սադրել զինված բախումներ ու հրահրել են ծեծկռտուքի դեպքեր: Դրանք տեղի են ունեցել թե՛ Գեղարքունիքում, թե՛ Սյունիքում»,- գրել է Թաթոյանը:
Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ է ընդգծում, որ նշված իրավիճակներն իրական վտանգ են նաև ՀՀ քաղաքացիական բնակչության համար: Խոսքն այն վայրերի մասին է, որոնք ծառայում են խոտհարք ու արոտավայր քաղաքացիական բնակիչների համար: Նրանք այդ վայրերում արածեցնում են իրենց մանր ու խոշոր եղջերավոր կենդանիներին, ինչպես նաև բնակվում են գարնան, ամառվա ու աշնան ամիսներին:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի համոզմամբ՝ ադրբեջանական զինված ծառայողների նկարագրված կոնկրետ արարքները լուրջ սպառնալիք են, որոնք իրականում ուղղված են ՀՀ Գեղարքունիքի և Սյունիքի քաղաքացիական բնակչության դեմ:
Ըստ Պաշտպանի՝ ակնհայտ է, որ խոսքը ՀՀ ողջ բնակչությանը, ՀՀ քաղաքացիներին ուղղված ադրբեջանական զինված ուժերի իրական սպառնալիքի մասին է, որը խաթարում է խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում: