Մենք կարող ենք օգնել վերակառուցել այրված տունը. երուսաղեմցի հայը իր՝ Հայաստան տեղափոխվելու մասին
Որպես Երուսաղեմի հայ, ես միշտ կանգնած եմ եղել երկընտրանքի առաջ՝ մնալ սփյուռքի մի մասնի՞կ, թե՞ վերադառնալ հայրենիք. այս մասին BBC- ին պատմել է երիտասարդ երաժիշտ, ցեղասպանությունից մազապուրծ եղած հայի ծոռ Ապո Սահակյանը:
Արցախյան պատերազմից հետո, Ապո Սահակյանը որոշում է կայացրել տեղափոխվել Հայաստան:
Խոսելով այն դրդապատճառների մասին, որոնք մղել են իրեն նման որոշում կայացնել, երաժիշտը նշել է, որ հայրենիքի հանդեպ սերը չպետք է սահմանափակվի միայն հայրենասիրական երգեր երգելով: Հայաստանն այսօր իր որդիների հայրենադարձության կարիքն ունի, ասել է նա:
«Իհարկե, ես տեղյակ եմ բոլոր հնարավոր ռիսկերի մասին: Բայց այս որոշումը թելադրված է իմ ժողովրդի հանդեպ սիրով: Հավատում եմ, որ մենք կարող ենք վերակառուցել այրված տունը», – ասել է Ապո Սահակյանը:
Երաժիշտի հարազատներն ու ընկերները տարբեր կերպ են արձագանքել նրա՝ պատմական հայրենիք վերադառնալու որոշմանը. ոմանք խրախուսել են, ոմանք փորձել են հորդորել հետ կանգնել որոշումից, երրորդներն էլ կարծիք են հայտնել, որ, ի վերջո, Ապոն կվերադառնա Երուսաղեմ: Իսկ ահա Ապո Սահակյանի մայրը կարծում է, որ յուրաքանչյուր հայի համար Երուսաղեմը կամ աշխարհի ցանկացած այլ վայր, ընդամենը ժամանակավոր ապաստան են ՝ նախքան հայրենիք վերադառնալը: