ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց արտադրական կանեփի արտադրությունը, վաճառքն օրենքով թույլատրող օրինագիծը:
«Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում 68 կողմ ձայն ստացավ։ Օրենքում փոփոխություններով թույլատրվում են արտադրական կանեփի արտադրությունը, օրինական շրջանառությունը, ներմուծումը, արտահանումը, մեծածախ առևտուրը:
Նախատեսված է, որ արտադրական կանեփի արտադրությունը, ներմուծումը, արտահանումը կամ մեծածախ առևտուրը քվոտավորվելու են:
Ավելի վաղ, Կառավարության ապրիլի 29-ի նիստում քննարկված նախագծերից մեկը վերաբերում էր արտադրական և արդյունաբերական կանեփի աճեցմանը։ Առաջարկի հեղինակը ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն էր։ Վերջինս նշել էր, որ այս մշակաբույսն օգտագործվում է բազմաթիվ ոլորտներում, մասնավորապես՝ տեքստիլի, ավտոմոբիլի, կահույքի, թղթի, շինանյութի, խնամքի և բժշկական պարագաների արտադրության մեջ։