Իմ պատասխանատվությունը հստակ գիտակցելով՝ ձեռնարկել եմ համապատասխան միջոցներ։ Այս մասին այսօր Կառավարության նիստի հետո լրագրողների հետ զրույցում նշել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն՝ անդրադառնալով Աբովյանի դիահերձարանում հայտնաբերված զոհված զինծառայողների դիերի պահման պայմաններին։
«Պատերազմում զոհված զինծառայողների դիերը իրոք ոչ պատշաճ պայմաններում էին պահպանվում, և դրա համար կոնկրետ անձինք իրենց բացթողնման համար կրել են պատասխանատվություն: Նման նուրբ թեման լրացուցիչ ցավ է պատճառել հարազատներին, եւ այո, կրելով պատասխանատվություն՝ ներողություն եմ խնդրել: Ես հարկ չեմ համարում հրաժարական տալ, որովհետև կարծում եմ, կա կոնկրետ անձի կողմից բացթողում», – նշել է նախարարի պաշտոնակատարը։
Անդրադառնալով մասնավորապես դիերի պահման պայմաններին՝ նա նշել է․ «Ես զարմանում եմ, որ անգամ դիերը պարկերի մեջ պահելը քննարկման առիթ դարձավ։ Ինձ համար անընդունելի է, որ որոշակի ապամասնագիտական շահարկումները խառվում են կոնկրետ խնդրի հետ ու փոթորիկներ են հրահրվում։ Դիերը միանշանակ պետք է պարկերի մեջ լինեն»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ հետպատերազմյան շրջանում հերթական աղմկահարույց տեղեկությունը ցնցեց հասարակությանը։ Խոսքը տելեգրամյան ալիքներից մեկի հրապարակած լուսակարի մասին է, որտեղ դիահերձարանի սենյակներից մեկում ուղիղ հատակին Արցախյան 44-օրյա պատերազմում ընկած զինծառայողների՝ պարկերի մեջ դրված մարմիններ էին։ Համապատասխան լուսանկարների հրապարակումից հետո այդ ամենը հաստատեց Առողջապահության նախարարությունը։