Ավելի վաղ հայտնել էինք, որ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանն իր Facebook-յան էջում ներկայացրել էր մի տեղեկություն, որը փաստում էր ԵՊՀ-ի «սև շենքը» վաճառելու մտադրության մասին։
Նա նշեր էր, որ «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն հարցում է ուղարկել ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտե, որտեղից ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալը հաստատել է, որ ԵՊՀ-ի պատմամշակութային արժեք ներկայացնող, Աբովյան փողոցի վրա գտնվող հայտնի ՍԵՎ ՇԵՆՔԻ վաճառքի հարցը քննարկման փուլում է: ԵՊՀ-ն կտրականապես դեմ է «սև շենքի» օտարմանը։
ԵՊՀ-ի պաշտոնական կայքում այսօր նշվածի առնչությամբ հայտարարություն է տարածվել:
«Երեկ մամուլում տարածվեց ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի մի հարցման պատասխան, որով Կոմիտեն տեղեկացնում էր, որ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի՝ Աբովյան 52 հասցեում գտնվող գույքի (ավտոկայանատեղի, 197.27 մ2) օտարման վերաբերյալ ունեն առաջարկ, որը քննարկում են շահագրգիռ կողմերի հետ։
Հայտարարում ենք, որ որպես շահագրգիռ կողմի՝ Երևանի պետական համալսարանի հետ ներկա առաջարկը չի քննարկվել և Երևանի պետական համալսարանը կտրականապես դեմ է նշված գույքի օտարմանը։
Նշենք, որ Երևանի պետական համալսարանը նախկինում երկու անգամ արդեն մերժել է նշված գույքի օտարման վերաբերյալ առաջարկությունները»,-ասված է հայտարարության մեջ: