ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը երկրորդ շրջաբերական գրությունն է ուղարկել Երևանի քաղաքապետարան և ՀՀ մարզպետարաններ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Շրջաբերականով նշված կառույցներին առաջարկվել է իրենց ենթակա ուսումնական հաստատություններին տեղեկացնել առ այն, որ ատեստավորման ենթակա ուսուցիչներն ազատ են երաշխավորված կազմակերպությունների ցանկից վերապատրաստող կազմակերպություն ընտրելու հարցում: Նույնաբովանդակ գրություն է ուղարկվել նաև ԿԳՄՍ նախարարության ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին:
ԿԳՄՍՆ-ն ևս մեկ անգամ զգուշացրել է, որ դպրոցի կողմից ցանկացած ուղղորդում անթույլատրելի է և պետք է բացառել որևէ ճնշում այս գործընթացում: Ճնշման դեպքում առաջարկվել է դիմել նախարարություն, որը հետևողական է լինելու ուսուցիչների՝ կազմակերպության ընտրության իրավունքի իրացման հարցում։
«Հարգելի՛ կազմակերպություններ, վաստակե՛ք ուսուցիչների ընտրությունը լավ կազմակերպված և բարձրորակ վերապատրաստմամբ, որը ձեր շարունակական գործունեության լավագույն հիմքն է։ Մյուս բոլոր հիմքերը բերելու են հակառակ ազդեցության»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։