«Հանուն համերաշխության» կարգախոսով ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների երթը, որը պետք է տեղի ունենար երկուշաբթի երեկոյան Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, չեղյալ է հայտարարվել: Այս մասին հայտարարեցին միջոցառման կազմակերպիչները՝ Tbilisi Pride կազմակերպության ներկայացուցիչները:
Իշխանություններն իրենց ակտիվ գործողություններով կանխել են հավաքների իրավունքի իրացումը, ասվում է կազմակերպության կողմից Facebook-ի էջում հրապարակված հայտարարության մեջ: Tbilisi Pride- ներկայացուցիչները նշել են, որ իրավապահ մարմինները պատշաճ չեն արձագանքել իրավախախտումներին:
«Հաշվի առնելով այսօր տեղի ունեցած իրադարձությունները՝ մենք հույս չունենք, որ ՆԳՆ-ն համարժեքորեն կկատարի իր պարտականությունները: Մենք տեսնում ենք, որ նրանք չեն արձագանքում բռնության փաստերին, որոնք տեղի են ունենում իրենց աչքի առաջ, իսկ իշխանություններն ու պատրիարքարանն աջակցել և ոգեշնչել են ատելության հսկայական ալիք», – ասվում է Tbilisi Pride-իհայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ երկուշաբթի Թբիլիսիում նախատեսվում էր երթ՝ ի պաշտպանություն ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների իրավունքների: Ավելի վաղ ցուցարարները ստորագրահավաք էին սկսել Արժանապատվության երթի դեմ: Հաղորդվում էր, որ պողոտայում կաթվածահար է եղել մեքենաների երթևեկությունը, տեղում մոբիլիզացվել են պարեկային ոստիկանության բրիգադները, արմատականներն ագրեսիվ են եղել ԼԳԲՏ համայնքի և մամուլի ներկայացուցիչների նկատմամբ: