ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը ներկա է գտնվել Գլենդելի Հայ-ամերիկյան թանգարանի և մշակութային կենտրոնի հիմնարկեքի արարողությանը: Այս մասին կոնգրեսականը հայտնել է Facebook-ի իր էջում:
«Ինձ համար պատիվ էր ներկա գտնվել Գլենդելի գեղեցիկ կենտրոնում, Հայ-ամերիկյան թանգարանի և մշակութային կենտրոնի հիմնարկեքի արարողությանը: Ամերիկահայերը մեր ազգի հզոր բաղադրիչն են։ Նրանք հարստացնում են մեր սովորույթները, ավանդույթներն ու համայնքները»,- գրել է Ադամ Շիֆը։
Հիշեցնենք, որ Գլենդելում Հայաստանի պատմության և մշակույթի թանգարանի շինարարությունն սկսվել է հուլիսի 11-ին: Ավելի քան յոթ տարի նախապատրաստվելուց հետո Գլենդելի կենտրոնական զբոսայգում կկառուցվի հայ-ամերիկյան թանգարանի ժամանակակից երկհարկանի շենք: Այգու արդիականացման համար կծախսվի 18,5 մլն դոլար։