Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի և Air Arabia-ի միջև կնքված համաձայնագիրը կարևոր քայլ է ազգային ավիափոխադրողի ստեղծման ճանապարհին։ Այս մասին նոր ազգային ավիաընկերության ստեղծման մասին համաձայնագրի ստորագրման միջոցառման ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։
Նա նշեց, որ սա ռազմավարական նշանակության ազգային ծրագիր է և մեծ հնարավորություններ է ստեղծում Հայաստանում։ Հայաստանի ազգային ավիացիան մեծ համբավ է ունեցել իր ավանդույթներով և հայտնի է եղել իր պրոֆեսիոնալ կադրային ռեսուրսով։ Ավինյանը համոզվածություն հայտնեց, որ այդ ավանդույթները վերածնվելու են ժամանակակից պահանջներին համապատասխան։
«Համաձայնագրով՝ ստեղծվելու է անկախ համատեղ ընկերություն, որը բազավորվելու է «Զվարթնոց» օդանավակայանում»,- ասաց Ավինյանը։ Նա նաև ընդգծեց, որ դա հնարավորություն կտա զարգացնել զբոսաշրջությունն ու խթանել հարակից ճյուղերի զարգացումը։
Ավինյանի խոսքով՝ Air Arabia-ն Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի առաջին և ամենամեծ բյուջետային ավիափոխադրողն է։ Այն թռիչքներ է իրականացնում 170 ուղղություններով, ֆինանսապես ամենաարդյունավետ ավիաընկերություններից մեկն է, և այս համագործակցությունը ծրագրին հաղորդում է առավել մեծ գրավչություն։
Ավինյանը շնորհակալություն հայտնեց Air Arabia-ի, AN IF-ի գործընկերներին և ՀՀ քաղավիացիայի ղեկավարությանը։