Կառավարության՝ հուլիսի 15-ին ընդունած որոշման նախագծերից մեկը պայմանավորված է մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի, ցանկալի կամ հերթական համարանիշերի գողության դեպքերը կանխելու, դրանց զույգի կորստյան դեպքում այն օգտագործողին նույն համարանիշի կրկնօրինակը հատկացնելու անհրաժեշտությամբ:
Ներկայիս գործող իրավակարգավորումների պայմաններում մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի, ցանկալի կամ հերթական համարանիշերի գողության կամ դրանց զույգի կորստյան դեպքում այն օգտագործողը զրկվում է այդ համարանիշերի փոխարեն դրանց կրկնօրինակը ստանալու հնարավորությունից և ստիպված է ստանալ նոր՝ այլ թվերի և տառերի համադրությամբ համարանիշ, մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի դեպքում էլ վճարելով ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 1496-Ն որոշմամբ հաստատված հավելվածով նախատեսված մեծ պահանջարկ ունեցող համարանիշ ստանալու համար հաստատագրված լրացուցիչ գումարը։
Նշված կարգավորումները պատճառ են դարձել հիմնականում մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի հափշտակությունների և դրանք վերադարձնելու համար այն օգտագործողից գումար շորթելու համար։
ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը հայտնեց, որ որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից երեք ամիս անց:
«Նշված ժամանակահատվածն անհրաժեշտ է ոստիկանության կողմից համարանիշների կրկնօրինակները հերթական թողարկմանը համապատասխանող արաբական թվանշանով գրառմամբ տպագրելու տեխնիկական հնարավորությունն ապահովելու համար»,- ասաց Ղազարյանը:
Այս նախագիծը նպատակ ունի 2010-ի որոշմամբ սահմանել այնպիսի կարգավորումներ, որոնց պայմաններում համարանիշերի գողության և կորստի դեպքում վերջինիս օգտագործողին կհատկացվի նույն համարանիշի կրկնօրինակը։
Նախագծով առաջարկվող նմանօրինակ լուծում տրվել է նաև Հոլադիայի, ԱՄՆ-ի, Վրաստանի, ինչպես նաև մի շարք այլ երկրների կողմից։