Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ճապոնական հանրահայտ «YAMAHA» ընկերության ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:
Նախագահ Սարգսյանին ներկայացվել են ընկերության գործունեության ուղղություններն ու նոր նախագծերը, արհեստական բանականությամբ գործող սարքավորումների հնարավորություններն ու կարողությունները, ինչպես նաև միջազգային համագործակցության ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Նախագահ Սարգսյանը ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է փոխգործակցության հնարավորությունները։ Մասնավորապես՝ անդրադարձ է եղել արհեստական բանականության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացմանն ու դրանց ուղղություններին, ինչպես նաև Հայաստանում ընկերության ներկայացվածությանը:
«YAMAHA» ընկերության մասին
«YAMAHA»-ն ճապոնական ամենահին (հիմնադրվել է 1887թ.) բազմամիլիարդանոց շրջանառություն և համաշխարհային ճանաչում ունեցող ընկերություններից մեկն է: Այն բացի երաժշտական գործիքներից արտադրում է մասնագիտացված աուդիո սարքավորմներ, տեղեկատվական և հեռահաղորդակցության ժամանակակից միջոցներ, էլեկտրոնային և ավտոմատացված սարքեր, մեքենաների ներքին բաղադրիչներ, որոնք գործում են արհեստական բանականությամբ: «YAMAHA»-ի հատուկ նախագծերից մեկը Արհեստական բանականության երաժշտական համույթի համակարգն է (YOO), որը վերլուծում է երաժիշտների կատարումը և կանխատեսում նրանց ժամանակն ու կատարման ընթացքը՝ միաժամանակ սինքրոնիզացնելով այն այլ երաժշտական գործիքների հետ: «YAMAHA»-ն արտադրում է նաև փոքր շարժական միջոցներ՝ շարժիչներով նավակներ, մոտոցիկլետներ, հեծանիվներ, ձնամեքենաներ, արդյունաբերության մեջ օգտագործվող ռոբոտներ և այլ սարքավորումներ: