Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի՝ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից հավաքականի մարզիկներին և մարզիչներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:
Հայաստանի օլիմպիական հավաքականին ուղղված ողջույնի խոսքում վարչապետը նշել է․
«Կարծում եմ, ընդհանուր առմամբ, նաև մեր օրակարգում է, մենք պետք է միջոցներ ձեռնարկենք իսկապես սպորտի մասսայականացման համար: Որովհետև գործնականում այսօր ունենք պրոֆեսիոնալ սպորտ, բայց զանգվածային սպորտի հետ կապված որոշակի խնդիրներ ունենք՝ հետաքրքրության, ենթակառուցվածքի առումով: Այստեղ արդեն կոնկրետ ծրագրեր ենք մշակում և առաջիկայում կսկսենք իրագործել: Եվ այստեղ, իհարկե, մեր պրոֆեսիոնալ մարզիկների աջակցությունը շատ կարևոր է: Կրկին ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել և կուզենայի նաև լսել ձեզ, թե ինչ տպավորություններով եք եկել և ինչ վերլուծություններ ու հետևություններ եք արել, ինչ առաջարկներ ունեք, որ մենք կարող ենք իրագործել»:
Հանդիպման ընթացքում մարզիկներն ու մարզիչներն անդրադարձել են Օլիմպիական խաղերում արձանագրած արդյունքներին, շնորհակալություն հայտնել Կառավարությանը և վարչապետին աջակցության համար և նշել, որ արվել է առավելագույնը՝ Հայաստանի Հանրապետությունը Օլիմպիական խաղերին հավուր պատշաճ ներկայացնելու համար: