Ինչպես արդեն տեղեկացվել է՝ 2021թ. օգոստոսի 25-ից Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել են պահեստազորում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ: Դրանց շրջանակներում հանրապետության ողջ տարածքում իրականացվում է զորահավաքային զորակոչ: Այս մասին հայտարարություն է տարածել Դատախազությունը։
2021թ. օգոստոսի 25-ից հետո ընկած ժամանակահատվածում եռամսյա հավաքներն ընթանում են պատշաճ մակարդակով, զորակոչվող քաղաքացիները պատշաճ կերպով ներկայանում են զինվորական ծառայության վայրեր, նրանց կողմից դրսևորվում է բարձր պատասխանատվություն և քաղաքացիական գիտակցություն, իսկ զինվորական ծառայության դեմ հանցավոր վարքագծի՝ լայն մտահոգության տեղիք տվող միտումներ չեն արձանագրվել:
Այս ընթացքում ստացվել են եռամսյա հավաքների մասնակից պահեստազորային ընդամենը 6 անձի կողմից առերևույթ ծառայողական պարտականությունների չկատարման հետ կապված խախտումների մասին տվյալներ: Դրանց կապակցությամբ նախապատրաստված նյութերից 2-ով վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել են հանցադեպի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումներ, իսկ մեկով ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է մեկ քրեական գործ՝ մեկ անձի վերաբերյալ: Երեք դեպքով նյութերի նախապատրաստումը շարունակվում է, հայտնել է գլխավոր դատախազությունը: