Թիվ 99 համարի երթուղայինի վարորդը, որն այսօր հարբած վիճակում վթարի է ենթարկվել Իսակովի պողոտայում, առավոտյան դիսպետչերական կետում պարտադիր գրանցում չի անցել: Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Ըստ գործող կարգի, վարորդն ամեն օր առավոտյան պետք է ներկայանա երթուղին սպասարկող դիսպետչերական կետ, ստանա կնքված ուղեգիր, անցնի համապատասխան զննությունն ու դուրս գա երթուղի»,- գրել է Կարապետյանը՝ հավելելով, որ Օնիկ Ադամյանն այսօր առավոտյան դիսպետչերական կետ չի մտել, ուղեգիր չի ստացել, զննություն չի անցել:
Քաղաքապետի մամուլի քարտուղարը նշել է, որ Օնիկ Ադամյանի վարորդական ապագան պարզ կլինի ճանապարհային ոստիկանության որոշումից հետո: Այնուհանդերձ, հայտնի է, որ խմածության գրանցված աստիճանի դեպքում մեքենա վարելը պատժվում է վարորդական իրավունքից զրկումով՝ 1 տարի ժամկետով:
«Եթե ՃՏՊ-ից տուժած անձանցից որևէ մեկը բողոք ներկայացնի, հնարավոր է նաև քրեական հետապնդումը»,- եզրափակել է Կարապետյանը։
Հիշեցնենք, որ այսօր Ժամը 08։50-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Երևանյան լճի հարևանությամբ գտնվող կամրջի վրա, բախվել են 59-ամյա Օնիկ Ադամյանի վարած թիվ 99 երթուղին սպասարկող մարդատար «Գազել» մակնիշի և 29-ամյա Ռաֆիկ Մեսրոպյանի վարած Honda Fit ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով երթուղայինի 6 ուղևորն ու վարորդը տուժել են։ Պարզվել է, որ վարորդը ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում։