Պոլսի հայոց պատրիարք Սահակ արք. Մաշալյանը հարցազրույց է տվել թուրքական «Hürriyet» իշխանամետ պարբերականին: Այս մասին տեղեկատվություն է հրապարակել ermenihaber.am կայքը։
Պոլսի հայոց պատրիարքը հարցազրույցում անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանությանը:
Թերթի լրագրողը Մաշալյանից հետաքրքրվել է, թե արդյոք ապրիլի 24-ին տեղի ունեցող միջոցառումները կարող են ցավերը կիսելու համար ճիշտ հող նախապատրաստել:
Մաշալյանը նշել է, որ Թուրքիայում ապրիլի 24-ը երկար ժամանակ տաբու է համարվել և ընկալվել է որպես թշնամական վերաբերմունք, որը կոտրվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից, երբ 2015-ին այն ժամանակ վարչապետ Էրդողանը «ցավակցական հեռագիր» հղեց:
Մաշալյանն ընդգծել է, որ մարդիկ միմյանց տառապանքները պետք է հարգեն, քանի որ ցավը միայն կիսելով է նվազում, ուրախությունն էլ՝ կիսելով ավելանում։
Լրագրողի հարցին, թե Հայոց պատրիարքը ինչ ակնկալիքներ ունի, Մաշալյանը պատասխանել է. «Մեր ակնկալիքն այն է, որ մարդիկ հասկանան հայ ժողովրդի կորուստները և տառապանքը: Մենք այդ մասին գիտենք, քանի որ ապրել ենք այդ ամենը, սակայն այս երկրում այդ ամենի մասին շատ բան չգիտեն»:
Մաշալյանը կարևորել է ցեղասպանության իրական պատճառների բացահայտումը, քանի որ միայն սա կարող է կանխել ապագայում նմանատիպ գործողությունների կրկնությունը։