Այն պահին, երբ տեղի է ունեցել միջադեպը, Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում ոչ ոք չի եղել, աշխատակիցները տեղում չեն եղել, որովհետև ճաշի ժամ էր, հետո չեն կարողացել վերադառնալ, որովհետև արդեն ոստիկանությունը շրջափակել էր։ Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ խոսելով «Էրեբունի պլազայում» տեղի ունեցած կրակոցներին մասին։
Հարցին՝ որքանով է միջադեպն առնչվում Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հետ՝ Վիկտոր Սողոմոնյանն ասաց, որ տեղյակ չէ, և իրավունք չունի ասեկոսներ մեկնաբանել:
««Էրեբունի պլազայում» գործում են բազմաթիվ հիմնարկներ: Դրանցից մեկը նաև Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն է: Քանի չունեմ պաշտոնական տեսակետ՝ չեմ ուզում մեկնաբանել: Երբ կլինի իրադարձությունների նկարագիր ու կկարողանամ պարզել՝ որքանով է այս իրադարձությունն առնչվում մեզ հետ, հայտարարություն կանեմ: Նորից եմ կրկնում՝ այս շենքում բազմաթիվ գրասենյակներ են գտնվում»,- նշել է Վիկտոր Սողոմոնյանը:
Հիշեցենք, որ այսօր՝ ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում կա զինված անձ։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։
Ըստ նախնական տվյալների՝ վիրավորներ ու տուժածներ չկան, ներխուժողը մի հոգի էր, ով արդեն տեղափոխվել է ոստիկանություն։