ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ողբերգական մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակից:
«Խորապես ցնցված եմ Գեորգի Կուտոյանի ողբերգական մահվան գույժից: Խոսքերն անզոր են արտահայտելու այն մեծ ողբերգությունը, որը ոչ միայն Գեորգի Կուտոյանի՝ անդառնալի և չափազանց ցավալի կորուստ կրած ընտանիքինն է, այլև բոլոր նրանցը, ովքեր երբևէ ճանաչել են մարդկային և մասնագիտական բարձր որակներ ունեցող, բարեկիրթ և պարկեշտ երիտասարդին և պետական պաշտոնյային»,-ասված է Սարգսյանի ցավակցական ուղերձում։
ՀՀ երրորդ նախագահն իր խորին ցավակցությունն է հայտնել Գեորգի Կուտոյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին,
«Թող Աստված լույսի և խաղաղության մեջ պահի Գեորգիի հոգին և մխիթարություն ու սփոփանք պարգևի նրա ընտանիքին»,-նշել է Սերժ Սարգսյանը:
Ըստ նրա՝ Գեորգի Կուտոյանի հետ կատարվածի քննության ընթացքը, նկատի առնելով նաև պետության մեջ նախկինում նրա զբաղեցրած դիրքը, պետք է լինի մեր հասարակության ակնդետ ուշադրության և հսկողության ներքո։