Ապրիլյան պատերազմի հերոսներից Մերուժան Ստեփանյանն այսօր կդառնար 27 տարեկան: Նա ծնվել է 1993 թվականին՝ հունվարի 17-ին, Գյումրի քաղաքում: Սովորել է Գյումրու Մուշ թաղամասի թիվ 42 դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Ինստիտուտը ավարտելուց հետո սկսել է աշխատել և ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան:
Մերուժանը զբաղվում էր նկարչությամբ, շվի էր նվագում, երգում էր: Բանակում կարգապահ ծառայության համար ստացել է ավագ-լեյտենանտի կոչում:
Հերոսաբար զոհվել է Թալիշի մարտական դիրքում՝ 2016 թվականի ապրիլի երկուսի լույս երեքի գիշերը: Ադրբեջանցիների հարձակման ժամանակ նույն դիրքում զոհվեցին 4-րդ դասակի հրամանատար, պայմանագրային զինծառայող ավագ-լեյտենանտ Մերուժան Ստեփանյանը, զինծառայողներ Ռաֆիկ Հակոբյանը, Աղասի Ասատրյանը և Վիկտոր Յուզիխովիչը:
Մերուժանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով: