ՌԴ տրանսպորտի նախարարությունը Ռուսաստանի ԱԳՆ-ին խնդրել է քննարկել Սիմֆերոպոլ-Երևան ավիաչվերթների բացման հարցը։ Այս մասին հունվարի 10-ին ՏԱՍՍ-ին հայտնել են Տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունից։
«Տրանսպորտի նախարարությունը նամակ է հղել Ռուսաստանի ԱԳՆ-ին՝ խնդրելով քննարկել այդ հարցը և դրական որոշում կայացնելու դեպքում նոտա ուղարկել Հայաստան»,-հայտնել են Տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունից՝ պատասխանելով նման չվերթի հնարավոր կազմակերպման վերաբերյալ հարցմանը:
Մինչդեռ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ նման չվերթ կազմակերպելու գաղափարը չի մշակվում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ղրիմի Հանրապետության զբոսաշրջության, հանգստավայրերի և սպորտի պետական հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Չերնյակը, Ռոսավիացիան համաձայնեցրել է ավիահաղորդակցության մեկնարկը Սիմֆերոպոլի և Երևանի միջև: Չերնյակը նշել է, որ թռիչքները կարող են սկսվել ընթացիկ տարվա ամառային սեզոնում:
Ռուսական «Իկար» ավիաընկերությունը (թռչում է Pegas Fly ապրանքանիշի ներքո) Ռոսավիացիայից համապատասխան թույլտվություն է ստացել 2019 թվականի դեկտեմբերի 16-ին, հաղորդում Է ՏԱՍՍ-ը: Փոխադրողը կարող է շաբաթական մինչև յոթ թռիչք կատարել: Սակայն չվերթների գործարկման համար պահանջվում է նաև Ռուսաստանի և Հայաստանի ավիացիոն իշխանությունների թույլտվությունը։