«Այս տարվա ընթացքում ես մի քանի անգամ առիթ ունեցել եմ համոզվելու, որ երևանցիները բացառիկ մարդիկ են՝ նվիրված իրենց քաղաքին, երկրին ու ժողովրդին: 2019 թվականին նրանք կրկին ապացուցեցին դա»։ Այս մասին երեկ երեկոյան Հանրապետության գլխավոր տոնածառի լուսերը վառելու արարողությունից հետո ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Մենք գիտենք զվարճանքի ժամին ուրախանալ միասին, հյուրընկալել հեռու-մոտիկ երկրներից եկած մեր քույրերին ու եղբայրներին, մեր հյուրերին, միևնույն ժամանակ գիտենք նաև միասնաբար դիմակայել դժվարություններին, հոգատար լինել մեկս մյուսի հանդեպ ու տեր կանգնել մեր քաղաքին ու նրա խնդիրներին»,- ասաց Հայկ Մարությանը։
Անդրադառնալով անցնող տարում լուծված խնդիրներին՝ Հայկ Մարությանը նշեց, որ 2019 թվականին Երևանի բնակիչների հետ լուծել են անցյալից մեզ մնացած խնդիրների մի մասը:
«Նաև իրար հետ ցանեցինք այն սերմերը, որոնց պտուղները ճաշակելու ենք արդեն գալիք տարվա ընթացքում, գալիք տարիների ու տասնամյակների ընթացքում: Սկսեցինք կառուցել համակարգեր, որոնք երբեք չեն եղել մեր քաղաքում կամ մնացել են մեր ու մեր ավագների հեռավոր հիշողությունների մեջ»,- ընգծել է Երևանի քաղաքապետը։
Քաղաքապետը բոլորին կոչ արեց ուրախանանալ գալիք մի քանի շաբաթների ընթացքում և բարձր տրամադրությամբ վայելել տոնական հանգիստը՝ միաժամանակ բոլորին հրավիրելով Երևան՝ միասին նշելու Ամանորը։
Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակում դեկտեմբերի 21-ին՝ ժամը 20։00-ին, տոնական արարողությամբ վառվեցին երկրի գլխավոր տոնածառի լույսերը:
Տոնական միջոցառմանը ընտանիքի հետ ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, պաշտոնատար այլ անձինք, հազարավոր երևանցիներ ու հյուրեր: