Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Գոլդեն Փելիս» հյուրանոցի նախատեսված աճուրդին:
Նա մասնավորապես նշել է. «Այսօր նախատեսված «Գոլդեն Փելիս» հյուրանոցի աճուրդը չի կայանա, քանի որ մինչև վերջնաժամկետի լրանալը (երեկ 18:00) հայտ չի գրանցվել։ Սրանից հետևում է, որ հաջորդ փուլում աճուրդի մեկնարկային գինը կլինի 5%-ով նվազ, իսկ ամսաթվի մասին լրացուցիչ կտեղեկացնենք»։
Հիշեցնենք, որ 2018 թվականի նոյեմբերի 19-ին Պետական գույքի կառավարման կոմիտե էր դիմել «Գոլդեն Փելիս» Հյուրանոց» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Ա. Ավետիսյանը՝ տեղեկացնելով, որ ընկերությունը ցանկություն է հայտնում Հայաստանի Հանրապետությանը նվիրել ընկերության կազմում գտնվող և ՀՀ Կոտայքի մարզի, Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոց թիվ 34/1 հասցեում գտնվող «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրի շենք-շինություններն ու գույքը:
Նշենք, որ նախագծով նախատեսվում է առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել ևս երեք աճուրդ՝ յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցնելով վերջին աճուրդի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: