2020 թվականի հուլիսի 1-ից Արցախի հետ բջջային կապի ռոումինգ ծառայության սակագները դարձյալ կնվազեն։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, ասաց ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։
«Ե՛վ ելքային, և՛ մուտքային զանգերի սակագների վերանայում տեղի կունենա, որի մասին հայտարարությունը կարվի ավելի ուշ»,– ասաց նախարար Արշակյանը։
Նախարարը նաև արդյունավետ է գնահատում Արցախի հետ կապի սակագների նվազեցման ուղղությամբ իրականացված քայլերը։
Արշակյանը նշեց, որ արդյունավետորեն աշխատել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ և սակագները նվազել են 11-44 տոկոսով թե՛ մուտքային, թե՛ ելքային զանգերի համար։
Հարցին՝ որքանո՞վ կիջնեն սակագները 2020 թվականին հուլիսին՝ Հակոբ Արշակյանը չպատասխանեց՝ նշելով, որ այդ ուղղությամբ բանակցությունները բջջային կապի օպերատորների հետ ընթացքի մեջ են։
«Սակագներն էականորեն կնվազեն։ Արցախում տարիներ շարունակ բջջային կապի ոլորտը մենաշնորհային իրավունքով տրված էր բջջային կապի մեկ ընկերության, որի պայմանագրի ժամկետն ավարտվում է 2020 թվականին։ Դա կբերի նրան, որ այս ոլորտն էլ ավելի կկարգավորվի»,– ասաց Հակոբ Արշակյանը։
Հիշեցնենք, որ Հայաստան-Արցախ ռոմինգային սակագները վերանայվել էր 2019 թվականի օգոստոսի 1-ից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ հաջորդ նվազեցումը տեղի կունենա 2020 թվականի հունվարի 1-ից` կիսամյակային պարբերականությամբ` մինչև 2021 թվականի հունվարի 1-ը։