Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի համագործակցության արդյունքում Երևանում անցկացվող ամանորյա միջոցառումները լայնորեն լուսաբանվում են Վրաստանում։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում էկատարել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ կից հրապարակելով լուսանկարներ։
«Թբիլիսիի կենտրանական հատվածում տարածվում են գովազդային վահանակներ, սոցիալական հարթակների ու տեղական ռադիոյի միջոցով իրականացվում է «Տոնենք Ամանորը հարևանների հետ» մարքեթինգային արշավը»,-նշել է Կարապետյանը։
Նշենք, որ հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 21-ին, ժամը 20:00-ին, իսկ ժամը 22։00-ին կբացվի Սուրբ Ծննդյան տոնավաճառը
Դեկտեմբերի 31-ին՝ ժամը 22:00-ին, հրապարակում մեկնարկելու է համերգ՝ հայ աստղերի մասնակցությամբ: Ժամը 23:45-ին հրապարակից ուղիղ եթերով կհեռարձակվի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը: Կեսգիշերից հետո քաղաքի կենտրոնում կհնչի աշխարհահռչակ երաժիշտ և կոմպոզիտոր Գորան Բրեգովիչի երաժշտությունը։