Նոյեմբերի 23-ին մեկնարկել է Արցախի Հանրապետության պատվիրակության աշխատանքային այցն ԱՄՆ արևմտյան ափ: Պատվիրակության կազմում են ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը և ԱՄՆ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: Այս մասին տեղեկացնում են ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությունից:
Այցի շրջանակներում տեղի է ունեցել նախարար Աղաբալյանի հանդիպումը YMCA- Գլենդելի խորհրդի ղեկավար
կազմի հետ, քննարկվել է հետագա համագործակցության հարցերի լայն շրջանակ:
Փոխգործակցության հարցեր են քննարկվել նաև Գլենդելի Հանրային քոլեջի Հոգաբարձուների խորհրդի հետ տեղի ունեցած հանդիպմանը: ԿԳՍ նախարարը եղել է ուսումնական հաստատությունում, ծանոթացել կրթական գործընթացին և քննարկել Արցախի կրթօջախների հետ համագործակցության հնարավորությունները: Ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:
Նոյեմբերի 25-ին պատվիրակությունը հանդիպել է ԱՄՆ արևմտյան ափում գործող Ռամկավար-Ազատական և Սոցիալ- Դեմոկրատական/(Հնչակյան) կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Մտքեր են փոխանակվել համազգային հարցերի, այդ թվում՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման, տարածաշրջանային զարգացումների և Արցախի սոցիալ-տնտեսական, կրթական, մշակութային զարգացման հեռանկարների շուրջ:
Ամերիկայի հայկական համագումարի Արևմտյան ափի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը Նարինե Աղաբալյանը կարևորել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությունը և ընդգծել կառույցի միջոցով Արցախում և Հայաստանում արդեն իրականացված ծրագրերի անհրաժեշտությունը: ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԿԳՍ նախարարը մի շարք հարցազրույցներ է տվել ԱՄՆ արևմտյան ափում գործող լրատվամիջոցներին:
Աշխատանքային այցը շարունակվում է: ԿԳՍ նախարարը կմասնակցի Հեռուստամարաթոն-2019-ին, որը տեղի կունենա նոյեմբերի 28-ին, Լոս-Անջելեսում՝ «Ես իմ անուշ Հայաստանի․ կենարար ջուր և արև համայնքներին» խորագրի ներքո: Հանգանակված միջոցները կուղղվեն խմելու ջրի մատակարարման և արևային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանն Արցախում, ինչպես նաև Հայաստանի երեք մարզերում՝ Տավուշ, Լոռի և Շիրակ։