Մերձմոսկովյան Դուբնա քաղաքի գիշերային ակումբներից մեկի մոտակայքում նախօրեին ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացված տեղեկատվության առնչությամբ Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը կապ է հաստատել է ՌԴ համապատասխան մարմինների հետ։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանում Հայաստանի դեսպանության Ֆեյսբուքյան էջում արված գրառումից։
Դուբնա քաղաքի գիշերային ակումբներից մեկի մոտակայքում տեղի ունեցած միջադեպի հետևանով ՀՀ քաղաքացի Ե․Գ-ն կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել, իսկ վերջինիս զարմիկը միջին ծանրության մարմնական վնասվածքներ է ստացել։
«Տեղի ունեցածի մանրամասներն ու այլ հանգամանքներ ներկայումս ճշտվում են։
Դեսպանությունն ու ՌԴ-ում ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչը մշտական կապ են պահպանում ՌԴ համապատասխան մարմինների հետ։ Նշյալ հարցը դեսպանության ուշադրության կենտրոնում է»,- ասված է դեսպանության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։
Համաձայն ռուսական ԶԼՄ-ների՝ նախնական տվյալներով՝ իրավապահները ձերբակալել են կասկածյալին, սակայն տուժած կողմի հարազատները մտավախություն ունեն, որ նրան կարող են ազատ արձակել, քանի որ վերջինս ավելի վաղ աշխատել է ՆԳՆ կառույցներում: