Բոլոր մարդիկ էլ կյանքում բախվում են այնպիսի իրավիճակների հետ, որոնք դրդում են արմատական շրջադարձերի. օրինակ` աշխատանքի փոփոխություն, հիվանդ ծնողների խնամք, տեղափոխություն կամ հիվանդության դեմ պայքար, որոնք մշտապես խանգարում են կենտրոնանալ խնդիրների վրա և ապահովել բարեկեցություն, և որ ավելի վատ է` մտածել այդ մասին մեկ տարի հետո: Երկարաժամկետ նպատակները կարևոր են, սակայն առավել կարևոր պահերին բարդ է դրանց մասին չմոռանալը:
Ամենաանկայուն պահերին կայունությունն ու հավասարակշռությունը Ձեզ կտան ամենօրյա սովորություններ, որոնք կհամապատասխանեն Ձեր երկարաժամկետ նպատակներին: Նրանք կօգնեն չշեղվել ճանապարհից, եթե նույնիսկ դժվար լինի առաջ նայելը: Մեզանից յուրաքանչյուրն ունի իր սովորությունները, որոնք մենք փորձում ենք պահել, որպեսզի կյանքն ավելի կառուցակարգված դարձնենք, հոգեպես և ֆիզիկապես առողջ մնանք և ապահովենք կյանքի նկատմամբ գիտակցված մոտեցում: Դրանք կարևոր են ցանկացած ժամանակ, բայց հատկապես ամենադժվար և քաոսային պահերին:
Կանոնավոր սովորությունները պահելու առաջին քայլը նրանում է, որ հստակեցնեք` որոնք են դրանցից Ձեզ համար կարևոր, և հետևեք դրանց: Եվ այստեղ գլխավորը չբարդացնելն է: Գրե՜ք 5-10 գործ, որոնք պետք է անեք օրական կամ շաբաթական կտրվածքով, և հետևե՜ք դրանց կատարմանը: Դրա համար կարող եք օգտագործել էլեկտրոնային աղյուսակներ կամ նոթատետրեր. կարևոր է վերլուծել` որ սովորություններն են օգտակար, դրանք գրառել և կազմել դրանց հաշվետվությունը:
Harvard Business Review Russian-ն ներկայացնում է չորս կարևոր սովորություններ, որոնք կապված են չորս հիմնական ոլորտների հետ:
Առաջին հերթին դա ինքնավերլուծությունն է: Կախված մարդուց` այդ գործիքակազմը կարող է զգալիորեն տարբերվել: Ինքնավերլուծությանն են վերաբերում օրագրի լրացումը, երեխաների հետաքրքիր մտքերի ձայնագրումը և «շնորհակալագրի նոթատետրի» ստեղծումը, որի մեջ կարելի է գրի առնել շաբաթվա ընթացքում տեղի ունեցածը և այն, ինչի համար Դուք երախտապարտ եք: Ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, նման քաղաքականությունը կօգնի ավելի լավ վերաիմաստավորելու կյանքում տեղի ունեցածը և ուրախանալ բոլոր դրական պահերով:
Բացի այդ ժամանակ է անհրաժեշտ նաև մասնագիտական գործունեության վերլուծության համար: Այս դեպքում ևս օրագիրը լրացնելն օգնում է ոչ միայն կենտրոնանալ ամենանշանակալի և հրատապ խնդիրների վրա, այլև չմոռանալ իսկապես կարևոր երևույթների մասին: Նման սովորությունը կառուցակարգում է գործերը, և երբ նորերն են առաջ գալիս, այն օգնում է հեշտորեն սահմանել առաջնահերթություններ դրանց համար: Ավելի օգտակար տարբերակ է առավոտյան սկսել օրագրի այն էջից, որում հերթականությամբ նշված են օրվա ընթացքում նախատեսվող գործերը: Նման գործելաոճը լրջորեն կազդի ուշադրության կենտրոնացման և արտադրողականության վրա:
Սովորությունների երրորդ խումբը հարաբերությունների զարգացումն ու պահպանումն է: Սոցիալական գիտությունների ոլորտում հետազոտությունները հստակ ցույց են տալիս, որ հարաբերություններում կենտրոնական դեր է կատարում անձնական բարեկեցությունը: Շատ կարևոր է հարաբերություններին գերակա դեր տալ և դրանք կառավարել: Նման հարաբերությունների օրինակ են` երեխա-ծնող շփումները, ամուսինների միջև, ինչպես նաև ընկերների հետ հարաբերությունները: Դրանք կարող են մանրուքներ թվալ, սակայն շատ կարևոր են` դրական հարաբերություններ և էմոցիոնալ բարեկեցություն պահելու համար:
Եվ, իհարկե, շատ կարևոր են ֆիզիկական և հոգեկան առողջությանը նպաստող սովորությունները: Հետազոտությունները ցույց են տալիս, որ այն մարդիկ, որոնք մարզվում են շաբաթական նվազագույնը երկու օր, իրենց ավելի երջանիկ են զգում (և մարզումների յուրաքանչյուր օր ավելի է մեծանում երջանկության զգացումը): Ընդամենը 20 րոպե մարզումը լավացնում է տրամադրությունը, իսկ ամենօրյա մեդիտացիան կարող է դառնալ փրկություն հոգեկան առողջության համար` վերականգնելով հավասարակշռությունն ու կարգուկանոնն այն ժամանակ, երբ կյանքում տիրում են անկարգությունն ու քաոսը: Հոգեկան առողջության համար բավական օգտակար են նաև ընթերցանությունը և գրական աշխատանքը:
Մեզանից յուրաքանչյուրն ունի իր յուրօրինակ կյանքը, որոնցում լինում են վերելքի և անկման շրջաններ, սթրես և քաոս: Նման դեպքերում կարճաժամկետ ամենօրյա սովորությունները կարող են մեծ նշանակություն ունենալ, քան երկարաժամկետ նպատակները: Հենց դրանք են օգնում կենտրոնանալ գլխավորի և էականի վրա, հաղթահարել և հասնել բարեկեցության: