Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն այցելել են Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի տուն։ Այս մասին newarmenia.am-ին տված հարցազրույցում ասել է Սարհատ Պետրոսյանը։
Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավարի խոսքով՝ ոստիկանության աշխատակիցները եկել էին «Ազատություն» ռադիոկայանում հնչեցված հայտարարության, այն է՝ Ավինյանի խորհրդականը կոռումպացվածության հասնող թայֆայականության մեջ է, հիմքով։ Պետրոսյանը նշել է, որ տանը չի եղել,սակայն ընտանիքի անդամները սթրես են ապրել։
«Մենք բոլորս սթրեսներ ունեցել ենք թե՛ 2018-ին, թե՛ հիմա, բայց մեր երազած Հայաստանն ունենալու համար ես պատրաստ եմ ամեն ինչի միջով անցնելուն։ Իմ բնագավառում հեղափոխության հիմքում պատկերացրածս արժեքներն իրականացնելու համար ես դրան պատրաստ եմ»,-ընդգծել է նա, հավելելով, որ իր հնչեցրած ամեն խոսքի տակ կան փաստեր։
Սարհատ Պետրոսյանը նշել է, որ հավատացել և հավատում է, որ հեղափոխությունն արժեքային հեղափոխություն էր, բայց իր կողմից սրբացված մասնագիտությանը դավաճանել չէր կարող։
«Այս բոլոր խնդիրները, որոնց մասին խոսում եմ, տարբեր ձևաչափերով բազմիցս բարձրաձայնել եմ և՛ մինչև հեղափոխությունը, և՛ հեղափոխությունից հետո որպես պետական պաշտոնյա, և՛ հիմա՝ հանրային սեկտորում։ Իմ հայտարարություններին ես գիտակցված եմ գնացել՝ վստահ լինելով, որ դրանք կարող են վիճարկվել դատարանում։ Ես դա գիտակցել եմ, բայց համոզված եմ, որ խնդիրների մասին պետք է խոսենք»,- ասել է Պետրոսյանը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանությունը հրաժարվել է որևէ տեղեկատվություն տալ այս առնչությամբ, անգամ հրաժարվել են հաստատել տեղեկությունը: