Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը հանդես է եկել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայտարարությամբ: Կարո Փայլանը այս հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի Մեջլիսում գալիք տարվա պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ:
Կարո Փալյանը նշել է, որ նախքան 1915 թվականը այս հողերի վրա՝ Սպարտայում, Ադանայում, Տրապիզոնում, Տիգրանակերտում, Բուրսայում, հայեր էին բնակվում և այս երկրում յուրաքանչյուր հինգից մեկը հայ էր, իսկ հիմա մի մարզադաշտ չենք կարող լցնել, եթե հավաքվենք:
«Անշուշտ, չգոլորշիացանք: Տեղի ունեցավ մեծ աղետ, որը, դժբախտաբար, ժխտում ենք ուրացման քաղաքականությամբ, հրաժարվում ենք խոսել այդ մասին»,- ընդգծել է Կարո Փայլանը։
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորը նշել է, որ այլ երկրների խորհրդարանները խոսում են Հայոց ցեղասպանության մասին, իսկ Թուրքիայի խորհրդարանն այս մասին չի խոսում։
«Եթե այս աշխարհում կա մի խորհրդարան, որտեղ այս մասին պիտի խոսվի, դա հենց Թուրքիայի Ազգային մեծ ժողովն է, որովհետև մենք այս հողի զավակներն ենք»,- հայտարարել է Կարո Փայլանը: