Հայ մեծ գրող Խաչատուր Աբովյանի անունը բոլորիս հայտնի է դեռ դպրոցական դասագրքերից: Նա հայտնի է որպես Հայ նոր գրականության հիմնադիր: Բայց թե ի՞նչ է նշանակում հայ նոր գրականություն և ինչո՞վ էր այն տարբերվում նախընթաց շրջանի գրականությունից, քչերին է հայտնի:
Խաչատուր Աբովյանի ամենամեծ առաքելությունը իր գրականությամբ ժողովրդին խորը թմբիրից հանելն էր. նա կատաղի պայքարի դուրս եկավ միջնադարյան բարքերի ու դրանք արտացոլող գրականության դեմ: Պայքար հոգևորականության և բուրժուազիայի դեմ, միջնադարականության ժխտում, բնության պաշտամունք, մարդու դերի ըմբռնում, լուսավոր ու ազատ կյանքի գաղափար. այս գաղափարախոսությամբ էր Աբովյանը առաջնորդվում իր նպատակների իրականացման գործում: Նա ծանր հալածանքների պայմաններում ծավալեց իր լուսավորական գործունեությունը:
Նրա առաջ քաշած նոր կրթության և նոր գրականության սկզբունքերը իրենց հստակ ձևակերպումը ստացան «Վերք Հայաստանի» վեպի առաջաբանում.
Լեզուն. Նա առաջ քաշեց ժողովրդին հասկանալի աշխարհաբարով գրելու անհրաժեշտությունը:
Գրականության բովանդակության խնդիրը. ինչպես ինքն էր նշում, պետք է «սրտի բաներ» գրել, որ երիտասարդները կարդան:
Հերոսի ընտրություն. Ի տարբերություն կյասիցիզմի, նա իր վեպի հերոս դարձրեց հասարակ գյուղացու՝ Աղասուն:
Սրանով նա փոխեց գրականության բովանդակությունն ու լեզուն և ուղենիշ դարձավ հետագայի գրողների համար:
Պատահական չէ, որ «Վերք Հայաստանի» վեպը դասվում է այնպիսի հուշարձանների շարքը, ինչպիսիք են Մովսես Խորենացու «Հայոց Պատմությունը» և Նարեկացու «Մատյան ողբերգության»-ը։