«Որևէ գաղափար իրագործելիս մի՛ սպասեք ինչ-որ մեկի թույլտվությանը», – մոտիվացիոն այսպիսի ուղերձ ունի գործարար, ակտիվիստ, Reddit կայքի և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի «Առանց թույլտվության» գիրքը։ WCIT 2019 համաշխարհային համաժողովի օրերին Հայաստանում գտնվող գործարարը ներկա գտնվեց իր գրքի երևանյան շնորհանդեսին։
Գիրքը կօգնի բացահայտել 21-րդ դարի դինամիկան, թույլ կտա հասկանալ՝ ինչպես է համացանցը ձևափոխել ժամանակակից բիզնեսի մասին պատկերացումները և ինչի վրա ուշադրություն դարձնել, երբ ցանկանում եք գործի դնել որևէ նորարարական գաղափար։
Գրքում իրական հերոսներ են՝ իրական պատմություններով։
«Ժամանակին իմ առցանց նախաձեռնությունները սկսեցի առանց թույլտվության։ Ուզում եմ, որ այս միտքը հզորացնի մարդկանց, թև տա, որ կարելի է անել քայլ առանց ուրիշների թույլտվությանը սպասելու։ Իսկ այսօր համացանցն ու առցանց գործիքները միանշանակ ստեղծում են այդ հնարավորությունները»,- անկեղծացավ Ալեքսիս Օհանյանը։
Հայաստանին առնչվող ծրագրերի մասին խոսելիս Armenia Today-ի հետ զրույցում հայազգի գործարարը նշեց «Շախմատ» կոնյակի արտադրության մասին. դեռ անցած տարի Օհանյանը հայտնել էր, որ կոնյակի վաճառքից ստացված հասույթն ուղղվելու է Հայաստանում բարեգործական ծրագրի:
Մանկությունից մինչև Reddit կայքի հիմնադրումն ու դրան հաջորդող իրադարձությունները հեղինակը մեկտեղել է գրքում՝ յուրաքանչյուր պատմությամբ փորձելով մոտիվացնել իր ընթերցողին։
Այդ գրքից ոգեշնչվողներից մեկն էլ «Էդիտ պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանն է, ով հասնելով գրքի վերջին՝ «իսկ դու սպասո՞ւմ ես թույլտվության» արտահայտությանը, գրել է Ալեքսիսին՝ թարգմանության թույլտվություն ստանալու համար և ստացել սպասված պատասխանը։
«Բազմաթիվ երիտասարդ ձեռնարկատերեր ինձ հարցնում էին, թե որն է իմ հաջողության գաղտնիքը: Մտածեցի՝ նրանց պատասխանելու ամենաարագ ու արդյունավետ ձևը գիրք գրելն է», – ընդգծեց Ալեքսիս Օհանյանը։
Հիշեցնենք, որ Ալեքսիս Օհանյանը Երևան է ժամանել մասնակցելու Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին։ Այցի շրջանակներում կազմակերպվել է նաև Ալեքսիս Օհանյանի «Առանց թույլտվության» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։
Աննա Կոստանյան