Հոկտեմբերի 6-9-ը Երևանում կկայանա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խոշորագույն միջոցառումը՝ հոբելյանական 15-րդ Դիջիթեքը: Այս տարի ցուցահանդեսը կանցկացվի ՏՏ ոլորտի խոշորագույն միջոցառում համարվող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (WCIT-2019) զուգահեռ: Թեմայի շուրջ զրուցել ենք «Դիջիթեք Էքսպո 2019» ցուցահանդեսի պատասխանատու Արթուր Ավետիսյանի հետ.
-Ի՞նչ նորություններ կան Դիջիթեք 2019-ին, և այն ինչո՞վ է տարբերվելու այս տարի։
-Դիջիթեքն այս տարի տարբերվելու է նախևառաջ նրանով, որ անցկացվելու է ՏՏ ոլորտի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկի՝ WCIT 2019 համաժողովին զուգահեռ, որը մեր տարածաշրջանում երբևէ չի անցկացվել։ Այն մեծ հնարավորություն կտա տեղական ընկերություններին հանդիպելու միջազգային առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև գտնելու նոր գործընկերներ ու ստանալու ներդրումների հնարավորություններ։
-Արդյոք WCIT-ի հյուրերը հնարավորություն կունենա՞ն այցելելու Դիջիթեք, և եթե այո՝ ինչպե՞ս է դա կազմակերպվելու։
-Մեր Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)՝ որպես կազմակերպիչ, ջանք չի խնայելու միջոցներ ապահովել, որ հյուրերն անպայման այցելեն ցուցահանդեսին։ Նշենք նաև, որ ցուցահանդեսը համարվում է WCIT-ի հովանավոր, ուստի պատվիրակները լավ տեղեկացված են լինելու ցուցահանդեսի մասին, լինելու է փոխադրամիջոց, որը կապահովվի նրանց ազատ տեղափոխումը։
-Ի՞նչ ընկերություններ են այս տարի մասնակցելու, և ինչպիսի՞ն է լինելու Մերգելյան կենտրոնը հոկտեմբերի 6-9-ը։
-Մասնակիցների ցանկը բավական մեծ է։ Առանձնահատուկ նշեմ, որ այս տարի Դիջիթեքում ներկայացված կլինի Իրանի Իսլամական Հանրապետության կոնսոլիդացված տաղավարը, որտեղ ներկա կգտնվեն 9 ընկերություններ Իրանից, մասնակիցների ցանկում է նաև ցուցահանդեսի ավանդական պլատինե հովանավոր Ucom ընկերությունը, VOLO ընկերությունը, Վանաձորի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաների ներգրավմամբ ստեղծված նորաբաց ընկերությունը, որը գերմանական «Osensus» ընկերության հայաստանյան մասնաճյուղն է։ Այս տարի շատ ակտիվ մասնակցություն ունի նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, որը կմիավորի մի շարք ինժեներական, ստարտափ ընկերությունների իրենց տաղավարի ներքո։ Հոկտեմբերի 6-9-ը էքսպո կենտրոնը տոնական տեսք է ունենալու, զուր չէ, որ մեր կարգախոսն է՝ «Տոն տեխնոլոգիական հայության համար»։ Երբեմն նույնիսկ ասոցացնում ենք Դիջիթեքը տեխնոոլորտի Ամանորի հետ, որովհետև օրեր շարունակ անձնակազմն ու մասնակիցները պատրաստվում են, չեն քնում, որ էքսպոյի օրերին հավաքվենք, կիսվենք մեր հաջողություններով ու հաղթանակներով։
-Ինչպե՞ս եք փորձում Դիջիթեք տեխնոտոնը համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին։
– Արդեն երկրորդ տարին է՝ իրականացնում ենք այցելուների անվճար գրանցում, որը հնարավորություն է տալիս ավելի լավ պատկերացնել այցելուների կարիքները. ինչով են հետաքրքրված, ինչ լուծումներ են փնտրում, ինչ նպատակ են հետապնդում ցուցահանդես այցելելիս։ Ինչպես նաև ամեն տարի ունենում ենք միջազգային շատ ակտիվ մասնակցություն տարբեր ֆորմատներով՝ օտարերկրյա ընկերությունների մասնակցության և այլ միջոցառումների առումով։ Ուստի տարեցտարի ցուցահանդեսի միջազգային հատվածն ավելի է ընդլայնվում։
-Այս տարիների ընթացքում ի՞նչ նոր հնարավորություններ է ստեղծել Դիջիթեքը երիտասարդ ստարտափ-հեղինակների համար, և ինչպե՞ս է այն ազդում Հայաստանում ՏՏ զարգացման վրա։
-Յուրաքանչյուր տարի այն փորձում է գտնել ճանապարհներ, որով կկարողանա աջակցել նորաստեղծ ստարտափ ընկերություններին՝ զեղչերի ու հավելյալ ծառայությունների տեսքով։ Ավանդույթ ենք դարձրել ստարտափ միջոցառումների հաղթողներին որոշակի առավելություններ տրամադրելը։ Այս տարի նրանց աջակցելու պատրաստակամություն է է հայտնել նաև ԲՏԱ նախարարությունը։ Դիջիթեքը հայաստանյան տեխնոլոգիական ոլորտի հայելին է։ Հենց այստեղ կարելի է հասկանալ՝ ինչպիսին է ոլորտի ընդհանուր զարգացվածության պատկերը, նկատել առկա խնդիրներն ու հնարավորությունները։ Այն հարթակ է, որտեղ գեներացվում են նոր մտահաղացումներ ու բիզնես ծրագրեր։
Աննա Կոստանյան